«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը, որ կայանալու է հուլիսի 10-17-ին, մեկնարկելու է իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոստամիի «Վստահված պատճեն» («Copie Conforme») ֆիլմով, իսկ կփակվի փառատոնը Վիմ Վենդերսի «Պինա» վավերագրական ֆիլմով: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ծրագրի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
Նա հիշեցրել է, որ «Վստահված պատճեն» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթում: Կինոնկարում գլխավոր դերը կատարել է ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Բինոշը, ով, ի դեպ, մրցանակ է ստացել կանացի լավագույն դերակատարման համար:
Իրանցի կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Քիառոստամին բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, իսկ ֆիլմը նկարվել է Իրանից դուրս: Ռեժիսորը հրապարակայնորեն հայտարարել է, որ այլեւս Իրանում ֆիլմ չի նկարելու:
Նշենք, որ մայիսի վերջին փառատոնի մամուլի հետ կապերի պատասխանատու Քրիստինե Քյուրքլյանը հայտնել էր NEWS.am-ին, որ «Ոսկե ծիրանն» արդեն 600 հայտ է ստացել 57 երկրից:




























