Շատ ակնհայտ է, որ վարչապետը պետք է փոխվի, բայց այդ դեպքում նա ունի հենարան Ազգային ժողովում: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Այդ հենարանը ընտրվել է ժողովրդի կողմից, բայց դա հնացած է: Նոր իշխանությունը եթե գա, չի կարող հենվել այդ հենարանի վրա: Այդ իրավիճակում իհարկե պետք է Ազգային ժողովը փոխվի, որովհետեւ այն սկզբունքները, որոնց վրա հիմնված ժողովուրդը ընտրել է, արդեն հնացած են: Բայց թույլ տալ, որ ներկա իշխանությունը կազմակերպի ընտրություն, դա նշանակում է թույլ տալ, որ իշխանությունը վերարտադրի իրեն: Դրա համար պետք է մի իշխանություն, որը երկրի հրատապ հարցերը կլուծի, հետո կստեղծի արդար, ազատ ընտրությունների համար մթնոլորտ: Դրա համար այն մարդը, որ լինելու է վարչապետ, այդ մարդը չպետք է մասնակցի ընտրություններին, որ շահագրգռություն չունենա կեղծիքներ անելու»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը նկատեց, որ երբ շարժումը ոտքի է կանգնում, «Իմ քայլի» պատգամավորներից սկսում են անցնել դեպի ուրիշ կողմ. «Երբ շարժումը թուլանում է, նորից գնում են այն կողմ: Այսինքն շարժումը պետք է վերականգնել եւ ոչ մի դեպքում, հետ չնահանջել, անընդհատ գնալ առաջ»:
Հարցին, թե ինչու չի ներկայացնում այն թիմը, որով գայու են իշխանության, նա ասաց. «Ինձնից պահանջում են ներկայացնել կառավարության կազմ. Վտանգն այն է, որ այդ մարդիկ միանգամից թիրախավորվում են»:











