Երեւան-Բաթումի գնացքի տոմսեր կարելի է ձեռք բերել Երեւանի, Գյումրիի, Վանաձորի ու Արմավիրի կայարաններում, արդեն հունիսի 6-ից, իսկ առաջին ուղերթը կկայանա հունիսի 15-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

Ներկայումս, ըստ Դավթյանի, Երեւանում վաճառվել է ընդամենը 9 տոմս, որից 3-ը տեղատոմսայի վագոնում (плацкарт), 6-ը` կուպեներում: Վաճառված տոմսերի նման քիչ քանակությունը Վահե Դավթյանը բացատրել է հետեւյալ կերպ. «Հաշվի առնելով, որ այս տարի Երեւան-Բաթումի երթուղին վերականգնվել է սովորականից մեկ ամիս առաջ, դրա համար էլ քիչ տոմս է վաճառվել»:

Միաժամանակ, Դավթյանը հույս է հայտնել, որ մինչեւ հունիսի 15-ը վաճառված տոմսերի քանակը զգալիորեն կաճի, քանի որ տոմսերը, հիմնականում վաճառվում է հանգստյան օրերին:

Դավթյանը նաեւ նշել է, որ այս տարի Երեւան-Բաթումի-Երեւան գնացքը կազմված կլինի 6 վագոնից, սակայն արդեն 20 օր անց վագոնների թիվը նույնպես կավելանա, կապված պահանջարկի ավելացման հետ: «Վագոնների քանակը կարող է ավելանալ մինչեւ 14-ի»,- ասել է նա:

Նշենք, որ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ընկերությունն այս տարի շուրջ 15 տոկոսով ավելացրել է տոմսերի գինը: Մասնավորապես, մեկ ուղղությամբ դեպի Բաթումի տոմսի արժեքը 13550 դրամ է, իսկ կուպե վագոնում` 15300 դրամ: