Կոսովոյի մասնակի ճանաչված հանրապետությունում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 7:00-ին, հաղորդում է Կոմերսանտ-ը:
Հանրապետության խորհրդարանում կա 120 տեղ: Դրանց համար պայքարում է 1079 թեկնածու 28 քաղաքական կուսակցություններից, կոալիցիաներից եւ քաղաքական նախաձեռնություններից: Ձայնի իրավունք ունի շուրջ 1,8 միլիոն մարդ:
Ընտրություններն ընթանում են Կոսովոյի նախկին նախագահ Խաշիմ Թաչիի նկատմամբ դատավարության ֆոնին: Նրան մեղադրում են մարդկության դեմ կատարված եւ ռազմական հանցագործություններում 1998-1999 թվականների սերբ-ալբանական զինված հակամարտության ընթացքում: Նախկին նախագահը հերքում է մեղադրանքները: Թաչին ինքնակամ մեկնել է Հաագա: Նախագահի պարտականությունները կատարում է Կոսովոյի խորհրդարանի խոսնակ Վյեսա Օսմանին:





























