Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 10-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը  բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ ակտիվացող համագործակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը: Նրա խոսքով, խորհրդարանների համագործակցության ամրապնդումը կխթանի երկու երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական զարգացումը:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի այսօր կայացած 8-րդ նիստում քննարկված հարցերի շրջանակը: Հանդիպման մասնակիցները հատկապես կարեւորել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ-ԼՂՀ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների համակարգումը: