Բաքվում հնչող ռազմատենչ հայտարարությունները, պատերազմ սկսելու շանտաժը նյարդայնացնում են գերտերություններին, ինչի արդյունքն էլ Դովիլյան հյատարարություն- նախազգուշացումն է: Միջազգային հանրությունը փորձում է ինչ-որ կերպ փոխել իրավիճակը շփման գծում: Այդ մասին այսօր` հունիսի 10-ին, ասել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, ներկայումս, ավելի շուտ խոսքը գնում է ստատուս-քվոյի մասին, բայց ոչ թե սահմանների փոփոխության, այլ` լարվածության վերացման մասին:
«Իլհամ Ալիեւի խաղը կրակի հետ նյարդայնացնում է գերտերություններին», - նշել է փորձագետը, հավելելով, որ Բաքվից հնչում են ճիշտ հակառակ կարծիքներ պատերազմը վերսկսելու մասին: «Նաեւ անհասկանալի է, թե ով է ներկայացնում Ադրբեջանի շահերը, քանի որ այդ երկրի ԱԳՆ-ի եւ Պաշտպանության նախարարության միջեւ չկա համաձայնություն»:
Միաժամանակ Մինասյանը հույս հայտնեց, որ Կազանի հանդիպման արդյունքում շփման գծում լարվածությունը կթուլանա:
Նշենք, որ նախնական տվյալներով`Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում կկայանա հունիսի 25-ին:




























