Google կորպորացիայի իռլանդական եւ ֆրանսիական մասնաճյուղերը համաձայնվել են Ֆրանսիային վճարել 1,1 մլն տուգանք հյուրանոցների վարկանիշը սխալ ցուցադրելու պատճառով: Այս մասին երկուշաբթի հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆիանսների նախարարության Մրցակցության, սպառման եւ հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի գլխավոր վարչությունը (DGCCRF), փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«2019 թվականից վարչության կատարած քննությունը թույլ է տվել հայտնաբերել Google-ի անցկացրած հյուրանոցների վարկանիշի կեղծ բնույթը: Կորպորացիայի բաժանմունքները՝ Google Ireland-ը եւ Google France-ը, իրենց պրակտիկայում շտկումներ են կատարել եւ Փարիզի դատախազի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո համաձայնվել են վճարել 1,1 մլն եվրոյի տուգանք»,- նշված է հայտարարության մեջ: Հստակեցվում է, որ քննությունը սկսվել է հյուրանոցների սեփականատերերից եւ կառավարիչներից բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո: Ֆինանսների նախարարության ֆրանսիական վերահսկիչ ատյանի ստուգումն անցկացվել է 2019 եւ 2020 թվականների ընթացքում, որի արդյունքները փոխանցվել են Փարիզի դատախազություն:

Ստուգման ընթացքում հավաքվել են 7 500 հյուրանոցների վարկանիշի վերաբերյալ տվյալները, «որոնք այնուհետեւ մշակվել են հատուկ ալգորիթմով»: Google-ի տվյալները ավտոմատ համեմատվել են 1-ից մինչեւ 5 աստղ ունեցող հյուրանոցների ֆրանսիական պաշտոնական դասակարգման տվյալների հետ, որն անցկացրել է Atout France ծառայությունը:

«Անցկացված քննությունը թույլ է տվել պարզել, որ Google-ը Atout France-ի վարկանիշը փոխարինել է սեփական չափորոշիչներով կատարած դասակարգմամբ»,- արձանագրում է ֆրանսիական կազմակերպությունը: Այն հատուկ նշում է, որ նման տեղեկությունները «խառնաշփոթ են ստեղծել», մասնավորապես «աստղերի» թվով սեփական վարկանիշի օգտագործման դեպքում: Հայտարարության մեջ նշվում է, որ «նման պրակտիկան մեծ վնաս է հասցրել ինչպես սպառողներին, որոնք խաբվել են տրամադրվող ծառայությունների մակարդակի առումով, այնպես էլ այն հյուրանոցների տերերին, որոնց որակավորումն անարդարացիորեն նվազեցվել է Atout France-ի պաշտոնական վարկանիշի համեմատ»:

Հայտարարության մեջ հաղորդվում է, որ 2019 թվականի սեպտեմբերից Google-ի իռլանդական եւ ֆրանսիական մասնաճյուղերը հյուրանոցների վարկանիշը ներկայացնելու «իրենց պրակտիկայի մեջ շտկումներ են մտցրել»: «Այդ ժամանակից սկսած պլատֆորմներն օգտագործում են Atout France-ի պաշտոնական որակավորումը»,- հավաստիացրել են Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունից: