Քաղաքական խորհրդատվությունների շրջանակներում Մոսկվայում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ունեցել է մի շարք հանդիպումներ ռուսաստանյան իշխանական կառույցների եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր: Զուրաբյանը ներկայացրել է ՀԱԿ-ի տեսակետներն ու քաղաքական գնահատականները Հայաստանում ձեւավորված իրավիճակի մասին: Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հետագա փոխգործակցության խորացման անհրաժեշտության վերաբերյալ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը նպաստելու հարցում:
Հանդիպումների մասնակիցներից մեկի` «Միաբանություն» Հայկական Ազգային Ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի խոսքով, Ռուսաստանը կարեւոր եւ կառուցողական դեր է կատարում Հարավային Կովկասում եւ այդպիսի խորհրդատվությունները շատ կարեւոր են եւ կառուցողական: ՀԱԿ-ի համար, որը միջազգային ասպարեզում ճանաչված եւ կայացած քաղաքական ուժ է, կարեւոր է բազմակողմանի հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի հետ:
Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ը, որպես խոշորագույն քաղաքական ուժ, տրամադրված է արդյունավետ համագործակցության եւ շահագրգռված է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ ռազմական հարաբերությունների ամրապնդմամբ:




























