Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է, որ փոփոխություններ կմցնի օրինագծերում, որոնք Google-ին եւ Facebook-ին կպարտավորցնեն վճարել նորությունների համար` ճշտելու, որ հրատարակիչները միանվագ կստանան վճարները, այլ ոչ թե` լրատվական կայքերի հղումներին սեղմելու համար, փոխանցում է Reuters-ը:
Օրենսդրական փոփոխությունները հաջորդել են Ավստրալիայի նախարարների` Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի եւ Alphabet Inc.-ի գործադիր տնօրենի եւ դրա դուստր ընկերության` Google-ի ղեկավար Սունդար Պիչայիի հետ քննարկումներին:
Փոփոխությունը, որը խորհրդարան կներկայացվի չորեքշաբթի օրը, «կբարելավի օրենսգիրքը` պահպանելով դրա ընդհանուր էֆեկտը»,- համատեղ հայտարարության մեջ նշել են գանձապետ Ջոշ Ֆրիդենբերգը եւ կապի նախարար Փոլ Ֆլեթչերը:
Ավստրալիական ինստիտուտի Պատասխանատու տեխնոլոգիաների կենտրոնն ընդունել է առաջարկվող փոփոխությունները: Սենատի կոմիտեն, որն ուսումնասիրել է օրինագիծը դեկտեմբերի 9-ին այն խորհրդարան ներկայացնելուց հետո, անցյալ շաբաթ առաջարկել է օրենսգիրքն անփոփոխ թողնել:
Google-ը եւ Facebook-ը, որոնց բաժին է ընկնում Ավստրալիայում առցանց գովազդի 81 տոկոսը, քննադատել են օրենքը: Google-ը սպառնացել է իր որոնողական համակարգն անհասանելի դարձնել Ավստրալիայում: Facebook-ը սպառնացել է արգելափակել ավստրալացիների` լուրերով կիսվելու հնարավորությունը, եթե պլատֆորմին ստիպեն վճարել նորությունների համար:





























