Լինելու է մեծ հանրահավաք՝ հետաքրքիր վերջաբանով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման»՝ փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին։
Հարցին ո՞րն է հետաքրքիր վերջաբանը, Սաղաթելյանն ասաց. «Որ ասեմ, հետաքրքրությունը կկորի, այդ օր կտեսնեք։ Հանրության արձագանքները մեզ հուշում են, որ բավականին բազմամարդ հավաք է լինելու»։
Անդրադառնալով ընդդիմության ղեկավարների ու ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահների երեկվա հանդիպմանը՝ Սաղաթելյանն ասաց, որ քննարկվել են շարժմանը վերաբերող ընթացիկ հարցեր. «Բնական հանդիպումներ են, որոնք պարբերաբար տեղի են ունենում՝ տարբեր ֆորմատներով»։
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ փետրվարի 20-ի հանրահավաքի մեկնարկից հետո գործողությունների հաջորդականությունը բերելու է նրան, որ գործող իշխանությունը հեռանա, Սաղաթելյանն ասաց, որ իրենց ամբողջ նպատակը դա է.
«Հանրահավաքներն ինքնանպատակ չեն, մեր գլխավոր նպատակն այս իշխանություններին օր առաջ, րոպե առաջ հեռացնելն է, եւ մեր բոլոր գործողությունները, այդ թվում՝ փետրվարի 20-ի հանրահավաքն ու դրանից հետո տեղի ունեցող գործողությունները բխելու են այդ նպատակից»։
Անդրադառնալով քաղաքացիների հետ իրենց հանդիպումներին՝ Սաղաթելյանը նշեց, որ քաղաքացիները տարբեր առաջարկներ են ներկայացնում իրենց, որոնք քննարկվում են՝ իրականացնելու համար. «Նրանք պահանջում են րոպե առաջ հեռացնել այս իշխանություններին։ Երբ իշխանական պատգամավորներից մի քանիսն ասում են՝ իրենց պահանջում են մնալ իշխանության, առաջարկում եմ գալ, շփվել իշխանությունների հետ եւ տեսնել՝ իրենց մասին ինչ են ասում մեր քաղաքացիները»։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե հանրային աջակցություն չկա, Սաղաթելյանն արձագանքեց. «Հանրային պահանջի հարցումն իրենք արել են կա՛մ իրենց խմբակցության ներսում, կա՛մ Ադրբեջանի խորհրդարանում: Ես առաջարկում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փաստի, որ 850,000 ընտրող ունի, կտեսնենք՝ քանի ընտրող ունի։ Երբ ասում է՝ հասարակական պահանջ չկա, դրանով վիրավորում է մեր ժողովրդին, հասարակությանը։ Չի կարող հայ մարդը հանդուրժել այն իշխանությանը, որը մեր պետությունը կանգնեցրեց աղետի եզրին։ Հասարակական պահանջ կա, եւ այս իշխանությունը պետք է հեռանա»։
Անդրադառնալով իշխանական պատգամավորների այն հայտարարություններին, թե նախկին 10 տարիները եղել են հակաղարաբաղյան, քանի որ Արցախում որեւէ ներդրում չի եղել, Սաղաթելյանն արձագանքեց․ ««Իմքայլականները» չեն կարող իրենց դավաճանությունը, անգործությունն անընդհատ փորձել փաթաթել նախկինների, սրա-նրա վրա։ Իրենք են ամբողջապես պատասխանատու մեր երկրում ստեղծված այս իրավիճակի համար»։











