Սիրիական բանակի ստորաբաժանումները, որոնք ռազմական գործողություն են իրականացնում Թուրքիայի հետ սահմանին գտնվող Ջիսըր-աշ-Շուգուր քաղաքում, այսօր` հունիսի 11-ին գերի են վերցրել քաղաքում գործող «զինված խմբավորումների»  «երկու ղեկավարներ խմբերի», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Ռազմական գործողությունների արդյունքում բանակը իր վերահսկողության տակ է վերցրել քաղաքի արվարձանները եւ ձեռնամուխ եղել քաղաքի «մաքրման» գործողություններին:

Միաժամանակ, Թուրքիայի իշխանությունները Սիրիայից ժամանող փախստականների թվի ավելանալու հետ կապված, քննարկում են հարեւան երկրի տարածքում «բուֆերային գոտի» ստեղծելու հնարավորությունը` ՄԱԿ-ի որոշման հիմքի վրա:

Ներկայումս Թուրքիայի` Սիրիայի հետ սահմանակից շրջաններում առկա վրանային ավաններում է գտնվում 4 հազար մարդ, հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքիան նախապատրաստական աշխատանքներ է կատարել հարեւան Սիրիայից շուրջ 10 հազար փախստականներ իր տարածքում տեղավորելու համար: Եթե փախստականների թիվն անցնի 10 հազարից, Թուրքիան չի կարող միայնակ կրել այդ հումանիտար բեռը եւ այդ ժամանակ անհրաժեշտ կլինի դիմել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՄԱԿ-ին եւ ԵՄ-ին:

Հիշեցնենք, որ համաժողովրդական հուզումները Սիրիայում սկսվել են 2011-ի մարտին, երբ բնակչությունը դուրս ելավ փողոց եւ սկսեց պահանջել ժողովրդավարական բարեփոխումներ եւ կենսապայմանների բարելավում: Տարբեր տվյալներով, Սիրիայում հուզումների ընթացքում զոհ է գնացել ավելի քան հազար մարդ: