ՀՀՇ անդամները թվով 10 հոգի կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել: Այս լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանը: Նա նշեց, որ կուսակցությունից դուրս գալու դիմումներ գրած ՀՀՇ-ականները «երեք ընտանիքի անդամներ են»` չնշելով, սակայն թե հատկապես ո՞ր ընտանիքների մասին է խոսքը: Հայոցյանը հայտարարեց միայն, թե կուսակցությունից դուրս եկածները հասարակությանը հայտնի մարդիկ չեն, հետեւապես` նրանց դուրս գալը ՀՀՇ-ում ոչ ցավագին են ընդունում:
«Ես չգիտեմ, թե ինչ նպատակով են նրանք դուրս գալիս կուսակցությունից: Մեկ-երկու դիմում էլ այսօր է ներկայացվել: Նրանց ՀՀՇ ակտիվիստ անվանելը չափազանցված է: Դրանք այն մարդիկ են, որոնք մտել էին կուսակցություն, որպեսզի հետագայում դուրս գային»,-ասաց ՀՀՇ վարչության քարտուղարը: Նա նշեց, որ ՀՀՇ-ն շուրջ 7500 անդամ ունի եւ 10-15 հոգու դուրս գալը կուսակցությունից չի նշանակում, որ կուսակցությանը ջլատում է սպառնում:
Ըստ տեղեկությունների, ՀՀՇ-ից դուրս եկածները մտադիր են անդամագրվել ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: Վահագն Հայոցյանը հայտարարեց, թե ոչ ոք, այդ թվում եւ Խաչատուր Քոքոբելյանը, չի կարող քանդել ՀՀՇ-ն, ինչպես որ գրվում է մամուլում:
Ինչ վերաբերում է ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանին, ով նույնպես, ինչպես Քոքոբելյանը, մոտ մեկ տարի առաջ հրաժարական տվեց զբաղեցրած պաշտոնից, ապա նա, Հայոցյանի պնդմամբ, երկու-երեք ամիս է, ինչ չի հաճախում կուսակցություն: ՀՀՇ վարչության քարտուղարին հայտնի չէ, թե արդյոք նա եւս պատրաստվո՞ւմ է անդամագրվել «Ազատ դեմոկրատներին»: Նա, առայժմ, հրաժարականի դիմում չի ներկայացրել:
Նշենք, որ դեռ մեկ տարի առաջ Արարատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի` ՀՀՇ վարչության նախագահի եւ փոխնախագահի պաշտոններից հրաժարական տալուց հետո խոսակցություններ էին շրջանառվում, թե վերջիններս գործարքի մեջ են մտել իշխանությունների հետ: Նրանց նպատակն, ըստ լուրերի, կուսակցությունը ՀԱԿ-ից կազմից դուրս բերելն էր, ինչի դիմաց նրանք հաջորդ խորհրդարանում պետք է ստանային որոշակի թվով մանդատներ: Սակայն ՀՀՇ ճակատագրով շահագրգիռ որոշ մարդկանց ձեռքով գործարքը վիժեցվեց եւ ՀՀՇ-ն հրավիրված համագումարում նոր ղեկավար կազմ ընտրեց:




























