Գարեգին Բ-ի Վրաստան այցելությունը դրական ազդեցություն կունենա միջեկեղեցական կապերի վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել վրացի փորձագետ Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքով, նման այցելությունները թույլ կտան ամրապնդել ջերմ բարեկամական հարաբերությունները երկու երկրների հոգեւոր առաջնորդների միջեւ:
Քաղաքագետի ներկայացմամբ, ի թիվս այլ հարցերի, շատ հնարավոր է, որ քննարկվի հայոց եկեղեցու կարգավիճակի հարցը: «Ես, իհարկե, չեմ մասնակցել Գարեգին Բ կաթողիկոսի այցելության նախապատրաստմանը, սակայն, տարբեր աղբյուրների լուրերի համաձայն, այդ թեման եւս արծարծվելու է»,- նշել է Աբաշիձեն:
Փորձագետը նաեւ չի բացառել այցի քաղաքական բաղադրիչը: «Երբ հանդիպում են երկու նման հզոր գործիչներ, դա չի կարող չունենալ քաղաքական ենթատեքստ, քանի որ այդպիսի իրադարձության արձագանքը միշտ էլ շատ մեծ է»,- նշել է նա, ընդգծելով, որ նախընտրում է չշտապել հետեւություններ անելու հարցում:
Նշենք, որ Գարեգին Բ-ն Վրաստանում է գտնվում երկօրյա այցով, որի ընթացքում նախատեսում է հայ եւ վրաց եկեղեցիների միջեւ փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր քննարկել: Գարեգին Բ-ն կայցելի նաեւ Ջավախք եւ կհանդիպի տեղի հայերին:
Գարեգին Բ-ի Վրաստան այցելությունը նախատեսված էր դեռ նախորդ տարվա գարնանը, սակայն բազմաթիվ անգամ հետաձգվել է: Ի դեպ, վերջին անգամ Ջավախք այցելած կաթողիկոսը եղել է Խրիմյան Հայրիկը, իսկ Թբիլիսի Գարեգին Բ-ն եղել է նաեւ 2000 թվականին:




























