Ինչ կարգավիճակ կունենա վրացական եկեղեցին Հայաստանում, նույն կարգավիճակն էլ կունենա հայկական եկեղեցին Վրաստանում: Այսօր` հունիսի 11-ին, Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանում Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ի հետ առանձնազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է վրաց պատրիարրք Իլիա Երկրորդը:
Նա նշել է, որ կհրավիրվի գիտնականների հանձնաժողով, որը քննարկելու եւ ուսումնասիրելու է վիճելի եկեղեցիների վերաբերյալ երկու կողմերի ներկայացրած փաստաթղթերը:
Վրաց պատրիարքը շեշտել է, որ եկեղեցիների կարգավիճակի մասին խոսելիս, պետք նշել երկու կողմերի պահանջները եւ հիմախնդիրները:
«Հույս ունենք, որ դուք կօգնենք Հայաստանում վրացական եկեղեցիների հարցը լուծելուն»,-դիմելով Գարեգին Բ-ին ասել է Իլյա Երկրորդը` հավելելով. «Մեր հարաբերություններում չպետք է լինի միակողմ շարժում, այդ շարժումը պետք է լինի երկկողմանի»:
Գարեգին Բ-ն, պատասխանելով վրաց պատրիարքին ասել է. «Հայաստանում երբեւե խնդիր չի բարձրացվել վրաց համայնքի գրանցման վերաբերյալ»:
Հոգեւոր առաջնորդների առանձնազրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավաբանական կարգավիճակ տալ վիրահայոց թեմին` Վրաստանում, իսկ վրաց համայնքին` Հայաստանում:
Գարեգին Բ-ն հույս է հայտնել, որ մինչ եկեղեցիների վերադարձման խնդրի վերջնական կարգավորումը, հոգատար վերաբերմունք կդրսեւորվի հայոց հոգեւոր, պատմամշակութային արժեքների նկատմամբ:
«Մենք լիահույս ենք, որ այս գործընթացը, որը եզրահանգումը եղավ` ձեր (Իլյա Երկրորդի) եւ Հանրապետության նախագահի հետ համատեղ զրույցների, մեզ պետք է առաջնորդեն լուծումներ գտնելու եւ խոսելու մեր երկու ժողովուրդների եւ պետությունների հարաբերությունների մասին բարձր գնահատականով: Նույնը նաեւ երկու եկեղեցիներ վերաբերյալ»,-ասել է Վեհափառը:
Նշենք` վրացական կողմը պնդում է, որ Լոռու մարզում գտնվող քաղկեդոնական 5 վանքեր ու տաճարներ, այդ թվում Ախթալայի եւ Քոբայրի միջնադարյան պատմական հուշարձանները, որոնք կառուցվել են վրացական արքունիքի կողմից, վրացական են: Հայկական կողմը, սակայն, ասում է, որ դա չի նշանակում թե այդ տաճարները վրացական են:




























