Արժույթի միջազգային հիմնադրամի համակարգչային ցանցը հաքերային հարձակման է ենթարկվել: Պաշտոնական հայտարարություն չի արվել, սակայն աշխատակիցներին այդ մասին հայտնել են դեռ հունիսի 8-ին: Հաղորդվում է, որ ցանցը կոտրելու փորձերը շարունակվել են մի քանի ամիս, այսինքն` մինչեւ ԱՄՀ նախկին ղեկավարի շուրջ ծագած սկանդալը:
Հիմնադրամի աղբյուրները հայտնել են, որ գրոհը շատ լավ նախապատրաստված է եղել եւ լուրջ վտանգ է ներկայացնում: Միժամանակ հայտնի չէ, թե ինչ տեղեկատվություն են կարողացել վերցնել չարագործները կամ արդյոք վերցրել են որեւէ բան: Հիմնադրամի աշխատակցների մուտքը ցանց որոշ ժամանակով ընդհատվել է` կապված Համաշխարհային բանկի անվտանգության հետ, որի շենքը տեղակայված է ԱՄՀ գրասենյակից ոչ հեռու: ՀԲ ցանց մուտք գործելու փորձ, սակայն, չի արձանագրվել:
ԱՄՀ ներկայացուցիչը հրաժարվել է միջադեպի մասին տեղեկատվություն հաղորդելուց` վստահեցնելով, որ կազմակերպությունն աշխատում է սովորական ռեժիմով:




























