71-ամյա ֆրանսիացի Պիեռ Լը Գեննեկին եւ նրա կնոջը  պաշտոնական մեղադրանք է ներկայացվել Պաբլո Պիկասոյի 271 աշխատանք թաքցնելու համար: Մեղադրանքն առաջադրվել է Պիկասոյի ժառանգության իրավունքի կառավարման հիմնադրամի կողմից դատարանին նյութեր ներկայացնելուց հետո:

Մասնագիտությամբ էլեկտրիկ Լը Գեննեկը  հայտնել է, որ իր մոտ պահվում է Պիկասոյի 271 աշխատանք: Նրա պնդմամբ` գործերն իրեն նվիրել է անձամբ Պիկասոն`  1970-ականների սկզբին, երբ Լը Գեննեկը Պիկասոյի տներում մալուխներ եւ ազդանշանային համակարգ էր անցկացնում, գրում է Lenta.ru-ն:

Կլոդ Պիկասոն սակայն չի հավատացել նրան եւ մեղադրել է գողության մեջ: 2010թ. նոյեմբերին ֆրանսիական իշխանությունները Լը Գեննեկից առգրավել են բոլոր գործերը եւ սկսել են հետաքննություն: Արդյունքում շատ անհամապատասխանություններ են ի հայտ եկել Լը Գեննեկի պատմածների եւ փաստերի միջեւ:

Միաժամանակ` դատարանի ներկայացուցիչն ասել է, որ ամուսնական զույգի մեղքը դեռեւս ապացուցված չէ, եւ վաղ է խոսել գործի ելքի մասին: