Հայաստանը բանակի բարեփոխումներ կանցկացնի Ղարաբաղում մարտերից հետո, կօպտիմալացնի բանակի թվաքանակը, կանցնի սպառազինության եւ ռազմատեխնիկայի նոր համակարգերի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ միայն ծրագրվում է, այլ արդեն անցկացվում է, ընդ որում, տվյալ գործընթացում ամենաանմիջական կերպով ներգրավված են մեր ռուս գործընկերները»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ռազմաշինության գործընթացը սկզբունքորեն շարունակվում է, իսկ այսօր Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը որոշում է ազգային զինված ուժերի բարեփոխումներն անդառնալի եւ անվիճելի առաջնահերթություն:

«Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը եւ Ղարաբաղում հայտնի իրադարձությունները՝ մենք կվերանայենք հետեւյալ հարցերը՝ մարտական օպտիմալացում, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի մեծացման, նոր համալիրներով սպառազինման, կադրային ներուժի պահպանման, սպաների, պետական ծառայողների եւ պայմանագրային զինծառայողների պաշտոնների մակարդակի բարձրացման միջոցով»,-նշել է Հարությունյանը:

Ընդ որում, նրա խոսքով, ջանքերը կուղղվեն կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ, ՀՕՊ եւ անօդաչու ավիացիայի, հրթիռային եւ հրետանային զորքերի զարգացմանը:

Նա հիշեցրել է, որ ս.թ. հունվարի 25-30-ը երկկողմ համաձայնագրերին համապատասխան Հայաստանում է գտնվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ԶՈւ բարեփոխման եւ արդիականացման հարցերով աջակցության համար:

«Համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա մշակվել են առաջարկություններ Հայաստանի զինված ուժերի արդիականացման շրջանակում հետագա գործողությունների եւ միջոցառումների վերաբերյալ, ընդ որում, շատ լուրջ շեշտ է դրվել տվյալ գործընթացի ռազմատեխնիկական բաղադրիչի վրա»,-նշել է նախարարը: