Լոռու մարզում այսօր` հունիսի 12-ին հայտնաբերվել է դեռեւս հունիսի 7-ի կեսօրից դժբախտ պատահարի հետեւանքով Ձորագետն ընկած 12-ամյա երեխայի դիակը (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ փրկարարները Ձորագետից դուրս են բերել Լոռու մարզի Ամրակից գյուղի բնակիչ 12-ամյա Մանվել Մարգարյանի դին:

Երեխայի մարմինը ամբողջովին մերկ է եղել: Փրկարարները երեկվանից ճոպանների օգնությամբ մոտ 100 մետր բարձրությունից իջել են վարարած գետը, որից հետո կարողացել են երեխայի մարմինը մի ափից տեղափոխել մյուս ափ:

Երեխայի որոնողական աշխատանքները, որը տեւել է շուրջ 5 օր, կատարում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարար վարչության աշխաակիցները` վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ: Փրկարարների հետ երեխայի որոնողական աշխատանքներին աջակցել են «Լոռե» հասարակական  փրկարարական ջոկատի աշխատակիցները` ջոկատի հրամանատար Արմեն Առաքելյանի գլխավորությամբ:

Երեխային որոնելու ողջ ընթացքում փրկարարների եւ ոստիկանների հետ են եղել նաեւ երեխայի հայրն ու հարազատները:

Նշենք, որ փրկարարական աշխատանքները կատարվել են ուժեղ կարկուտի ու անձրեւի ներքո, իսկ ձոր փրկարարներն ոտքով իջել են մոտ 2-3 կմ:

Դեպքի վայրում ներկա էր նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժնի քննիչը, ում հանձնարարականով երեխայի դին տեղափոխվել է դիահերձարան: Քննիչի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի