ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հարուստ երկրներին կոչ է արել չզրկել աղքատ երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութերից, հաղորդում է AP-ը:
Հարուստ երկրները պատվաստանյութերի մի քանի միլիարդ դեղաչափ են գնել, այն դեպքում, երբ աշխարհի զարգացող երկրներում դրանք քիչ են կամ ընդհանրապես չկան:
«Մեծ յոթնյակի» առաջնորդները հայտարարել են, որ արագացնում են պատվաստանյութերի մշակումը եւ աջակցում «պատվաստանյութերի նկատմամբ հասանելի եւ իրավահավասար հասանելիությունը»: Հեբրեյեսուսը շնորհակալություն է հայտնել վերջիններիս նման կարեւոր խոստման համար:
Հեբրեյեսուսը, ով ավելի վաղ նախազգուշացրել է, որ աշխարհը կբախվի «աղետալի բարոյական անկման», եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն արդարացի չտարածվեն, նշել է, որ հասկանում է քաղաքական ճնշումը, որին բախվում են եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրների առաջնորդները: Նրա կարծիքով՝ ընտրողներին պետք է հասցնել, որ «պաշտպանվելու լավագույն միջոցը ոչ միայն սեփական անձը, այլ նաեւ մնացած աշխարհը պատվաստելն ու մնացած աշխարհի հետ պատվաստանյութով կիսվելն է»:
Նա նշել է պատվաստանյութերի արտադրությունը մեծացնելու համար յուրաքանչյուր հնարավորություն օգտագործելու կարեւորությունը: «Հակառակ դեպքում պակասի ժամանակ դժվար կլինի կիսվել: Եվ դա հենց այն է, ինչ այսօր տեղի է ունենում»,-հավելել է նա:




























