Թուրքիայում  հունիս 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նոր խորհրդարան կմտնի 326 պատգամավորով, նախորդ 341-ի փոխարեն:

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը նոր խորհրդարանում կներկայացնի 135 պատգամավոր նախորդ 112 պատգամավորի փոխարեն:

«Ազգայնական շարժում» կուսակցությունը եւս ավելի պակաս պատգամավորների քանակով ներկայացված կլինի խորհրդարանում` 54 պատգամավոր, նախորդ 71-ի փոխարեն:

Այս ընտրություններում միակ լուրջ հաղթանակը ձեռք են բերել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից ներկայացված անկախ թեկնածուները: Նրանք նախորդ խորհրդարանում ներկայացված էին 22 պատգամավորով, իսկ նոր խորհրդարանում նրանց թիվը կհասնի 36-ի:

Նախնական տվյալներով` ընտրությունների արդյունքները տոկոսային կտրվածքով հետեւյալն են.  «Արդարություն եւ զարգացում» կուսակցություն`50, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն`26,  «Ազգայնական շարժում» կուսակցություն`13 տոկոս:

Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն ընտրությանը մասնակցել է անկախ թեկնածուներով, քանի որ Թուրքիայում ընտրական շեմը 10 տոկոս է, իսկ քրդական կուսակցության վարկանիշը 5-7 տոկոս է:

Այսպիսով` Թուրքիայի  550 տեղանոց խորհրդարանը կրկին հյուրընկալում է 4 կուսակցության: