Ումի՞ց վախենամ, սրանցի՞ց. Սա է վախկոտը, որ երկրի մայրաքաղաքում կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղախփովելու համարփողոց է դուրս բերում զորք: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե գրավեն շենքեր, պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու:

«Մենք Նիկոլի հետ միայն մի հարց ունենք քննարկելու՝ իր հեռացման ճանապարհային քարտեզը: Դրան մշտապես պատրաստ ենք: Ուրիշ ի՞նչ քննարկենք մի իշխանության հետ, որ սեփական ժողովրդին տարավ կոտորածի, կորցրեց հայրենիքի մի կարեւոր մասը: Հակառակ դեպքում ասել ենք, որ օր ու արեւ չենք տալու, չենք թողնելու աշխատի: Էս մարդը ոնց կարող է մեր երկրում գործունեություն ծավալել: Ինքը իր կառավարական ամառանոցից դուրս գալու համար ամեն անգամ պետք է 1000-1500 հոգի զորք դուրս բերի փողոց, որ կարողանա տեղաշարժվել»:

Դիտարկմանը, որ նման գործողությունների ու նման զարգացումների պարագայում երկիրը ավելի խորը ճգնաժամի է գնում, քանի որ ընդդիմությունը թույլ չի տալիս կառավարությանն աշխատել, Սաղաթելյանը պատասխանեց. «Եթե մենք իմանանք, որ իր մնալով հնարավոր է դրական փոփոխություն, որ մեր կորուստները չեն շարունակվելու, դա ուրիշ բան: Բայց սա ոչ ստանդարտ իրավիճակ է: Հիմա նա անցել է իր հանցագործությունների 4-րդ փուլին: Դա է պատճառը, որ մենք հասնելու ենք նրա հեռացմանը: Մենք նույն տեմպով շարունակելու ենք պայքարը»:

Անդրադառնալով Անդրանիկ Քոչրյանի հայտարարությանը, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Խելքներդ գլուխներդ հավաքեք: Ձեզ վրա արդեն 10 հազար հայ մարդու արյուն կա, նորը մի ավելացրեք, հեռացեք անցնցում»:

Հարցին, թե հնարավոր ցնցումներից խուսափելու համար դուք հետ չե՞ք կանգնի, նա արձագանքեց. «Մեր երկրի կայունությունը շատ կարեւոր է եւ սրանց անցնցում հեռացումը անհրաժեշտություն է, բայց դա պետք է գիտացեն նաեւ իրենք»: