Մենք եթե այդ հայտարարությունից վախենայինք, ապա այսօր այստեղ չէինք լինի, իսկ ինչ վերաբերվում է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, ապա, եթե բարոյականությունից զուրկ, մարդկային կերպարանքը կորցրած արարածը նման հայտարարություններ է անում, ուրեմն թող իրեն համեմատի իրենց ասած՝ նախկինների հետ: Այս մասին այսօր՝ փետրվրի 23-ին, Երևանում անհնազանդությունների ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ խոսելով երեկ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին առ այն, որ եթե շենքեր գրավեն, ապա պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու:

«Երբ իրենց առաջնորդ ֆյուրերիկը գրավում կառավարական շենք, նախկինները այնքան բարոյականություն ունեին, որ ոչ թե չկրակեցին, այլև որևէ բռնություն չգործադրեցին նրանց նկատմամբ: Հիմա կառավարական մեկ շենքից կառավարական մյուս շենք գնալու համար վարչապետի աթոռը զբաղեցնող այդ արարածը ամբողջ ներքին զորքերի համակարգը, բոլոր ոստիկաններին հանել է փողոց: Հասկանո՞ւմ եք, թե ինչ է, մեր ժողովուրդը հասկանո՞ւմ է, թե ինչ է հիմա կատարվում փողոցում».-ասաց Եսայանը:

Նա նշեց, որ նրանք, ովքեր չեն բողոքում, չեն պահանջում Փաշինյանի հրաժարականը, ստացվում է՝ իրենից ու իր կնոջից ոչ պակաս հողատու են: Վերջինս զարմանք հայտնեց, որ դեռ արժանապատիվ մարդիկ դուրս չեն գալիս փողոց: «Իսկ այս ոստիկաններին խղճում եմ, որովհետև անբարոյականի հրամանները կատարող են դարձել»,-ասաց նա և հավելեց, որ նմանատիպ հայտարարություններից վախենալ պետք չէ, քանի որ ինչպես 5000-ից ավել նահատակները չվախեցան թշնամու առաջ կռվելուց, այդպես էլ հիմա նրանք չեն վախենում ներքին թշնամու դեմ պայքարելուց: