«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան հայտարարում են Հայաստանի Կիբեռխաղերի 5-րդ բաց առաջնության մեկնարկի մասին: Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային եւ վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի Հայաստանյան նախընտրական փուլ: Միջազգային  համակարգչային խաղեր մրցույթն իր պատմությունը սկսել է 2000թ-ին:

«ԱրմենՏել»-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն առաջնության կանոնների միջազգային առաջնության մասնակցության հայտ ներկայացրած յուրաքանչյուր երկիր անց է կացնում նախընտրական փուլ: Հայաստանյան նախընտրական փուլը կկայանա 2011թ-ի հունիսի 22-26 «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում:

Այս տարի պաշտոնական մարզաձեւեր են ընտրված FIFA 2011 եւ StarCraft 2, իսկ ոչ պաշտոնական` Counter-Strike 1.6 եւ WarCraft 3 Dota: Պաշտոնական մարզաձեւերում հաղթողներն այս տարի հնարավորություն կունենան մասնակցելու WCG Գլխավոր եզրափակչին, որը տեղի կունենա  2011թ-ի դեկտեմբերի 8-ից 11-ը Կորեաի Բուսան քաղաքում: Հայաստանյան առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3.600.000 դրամ եւ կբաշխվի բոլոր չորս մարզաձեւերում առաջին երեք տեղերը գրաված մասնակիցների միջեւ: «ԱրմենՏել»  ընկերությունը նաեւ կապահովի WCG Հայաստան 2011 խաղերի օնլայն ինտերնետ հեռարձակումը:

Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմակերպչական խումբը տեղեկացնում է, որ այս տարի միջոցառումներն ավելի մասշտաբային են, բացի հիմնական խաղերից կազմակերպված են նաեւ հարակից մրցույթներ. «Սիրողական նկարիչ», «Սիրողական լուսանկարիչ»,«Թաչ-թայփինգ (միայն կանանց եւ աղջիների համար)»:

Հայաստանյան մրցույթի մասնակիցների գրանցումը կատարվում է առցանց` մրցումների պաշտոնական www.wcg.am կայքում, որտեղ նաեւ տեղադրված է մանրամասն տեղեկատվություն մրցումների եւ մրցույթի մասին: Համաշխարհային առաջնության հովանավորն է «Սամսունգ» ընկերությունը, ազգային առաջնության գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը: Համակարգչային աջակցությունը «Ֆայն» ընկերության, իսկ ինֆորմացիոն հովանավորներն են RadioVan եւ Russkoe Radio: