Ավստրալիան ընդունել է աշխարհում առաջին օրենքը, որի նպատակն է Google եւ Facebook ընկերություններին ստիպել վճարել իրենց պլատֆորմներում նոր կոնտենտի համար, հայտնում է BBC-ն:
Ամերիկյան տեխնոհսկաները կտրականապես դեմ էին այս օրենքի ընդունմանը:
Facebook-ն անցած շաբաթ այս վեճի պատճառով ավստրալացիների համար արգելափակել էր ամբողջ լրահոսային կոնտենտը, սակայն իր որոշումը փոխել էր երկրի կառավարության հետ բանակցություններից հետո:
Բանակցություններից հետո օրենքն ընդունվել է նոր փոփոխություններով, որոնց համաձայն օրենքի գործողությունը չի տարածվում Facebook-ի եւ Google-ի վրա:
Սակայն երկու ընկերությունն էլ հիմա պարտավորվել են շահույթից գումար վճարել ավստրալական մի քանի խոշոր պարբերականների, որոնց վրա օրենքը չի տարածվում: Տեխնոլոգիական հսկաներն այս գործարքները գնահատել են որպես փոխզիջում:
Ավստրալական օրենքը դիտարկվում էր որպես հնարավոր թեստային դեպք մյուս երկրներում համանման կարգավորման համար, որ թվային պլատֆորմներից վճար ստանան լուրերի համար:
Փոփոխված օրենքը Ներկայացուցիչների պալատն ընդունել է այսօր, երբ այն ստացել է Սենատի հավանությունը:
Փետրվարի 18-ին Facebook-ի ղեկավարությունը Ավստրալիայում բոլոր օգտատերերի համար անջատել էր հրապարակման, դիտումների եւ տեղական ու միջազգային լուրերի տարածման գործառույթները, քանի որ երկրի կառավարությունը մտադիր էր ներդնել լրատվամիջոցների հետ բանակցություններ վարելու կոդեքս: Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Facebook-ի կառավարիչ-տնօրենը հայտարարել էր, որ այդ օրենքն իրենց ստիպում է վճարել «կոնտենտի համար, որն իրենք չեն խնդրել», եւ պայմաններ է ստեղծում, որի դեպքում երկրի կառավարությունն է որոշելու, թե ով եւ ինչ համաձայնագրեր է կնքում, ինչպես նաեւ որոշելու է, թե ով եւ որքան է վճարում:
Մեդիաշուկայի խաղացողների վարքագծի կոդեքսը, որը կարգավորում է թվային պլատֆորմների եւ լրատվամիջոցների առեւտրային հարաբերությունները, անցած շաբաթ ստացել էր երկրի Ներկայացուցիչների պալատի հավանությունը եւ ներկայացվել Սենատի քննարկմանը:





























