Հայաստանում կայունությունը կարեւոր է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համար, Թուրքիան ուշադիր հետեւում է Երեւանում տիրող իրադարձություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Փաշինյանը հայտնել է, որ իր հրաժարականի մասին զինված ուժերի պահանջից հետո պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Վարչապետի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքից ազատել է ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը, լրատվամիջոցների տվյալներով, ծաղրել է «Իսկանդեր» համալիրների մասին կառավարության ղեկավարի խոսքերը:

Ավելի վաղ Չավուշօղլուն գնահատել է Հայաստանում տիրող իրավիճակը որպես հեղաշրջման փորձ եւ վճռականորեն դատապարտել այն:

«Մենք պայմանավորվել ենք Ղարաբաղի հարցով երեք երկրների շրջանակում, եւ այդ երկրներում շատ կարեւոր է, որպեսզի կառավարեն գործընթացը (ԼՂ-ում հրադադարի ռեժիմը-խմբ.): Մենք հետեւում ենք հայաստանյան իրադարձություններին ԶԼՄ-ների հաղորդագրություններից, ինչպես նաեւ փորձում ենք մեր խողովակներով մանրամասն տեղեկություն ստանալ»,-ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով:   

 Հեռարձակումն իրականացվել է նախարարի Twitter-ում: