Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով իր վարչական ռեսուրսները, փորձում է մարդկանց հանել փողոց, տանել բախումների և հետո մեղքը բարդել ընդդիմության վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Սա հերթական փորձն է քաղաքացիների միջև բախում հրահրելու համար։ Պետական ապարատն այլևս հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավելի մնալը սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, ուստի՝ պետական համակարգի վրա հույս դնել չկարողանալով, փորձում է հերթական անգամ փողոցով, ստիպողաբար, իր վարչական ռեսուրներն օգտագործելով, մի քանի մոլորյալ մարդկանց խաբելով, հանի փողոց, տպավորություն ստեղծի, թե ունի աջակիցներ, ստեղծի բախումներ, որպեսզի հետո մեղքը բարդի ընդդիմության վրա։ Ընդդիմությունը չի անելու որևէ քայլ, որ քաղաքացիների միջև լինեն բախումներ։
Մենք ամենն անում ենք, որ ամեն ինչ տանենք սահմանադրական ճանապարհով հանգուցալուծման, ինչն այս իշխանությունը չի ընդունում։ Մենք այսօր էլ կոչ ենք անում մնալ սահմանադրականության շրջանակներում, բայց եթե հանկարծ իշխանությունները փորձեն սադրել, ուժ կիրառել, չլսել ժողովրդի պահանջը, ես չգիտեմ ինչ է լինելու»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը կոչ արեց բոլորին՝ անգամ այն մարդկանց, որոնք չեն աջակցում «Հայրենիքի փրկության շարժմանը», դուրս գալ փողոց հանուն Հայաստանի Հանրապետության փրկության։
«Ընդդիմությունը կոչ է անելու հանդարտության, բայց մենք լինելու ենք վճռական և հասնելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Ժողովուրդ, բոլորդ դուրս եկեք փողոց, միացեք մեզ, և այսօր մենք ունենալու ենք հաղթանակ»,- ավելացրեց Վանեցյանը։











