Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Սիրիայի արեւելքում ԱՄՆ «անօրինական ու ագրեսիվ» ավիահարվածները՝ որպես մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի բացահայտ խախտում, հաղորդում է Tasnim-ը:

Այս առնչությամբ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն ասել է, որ Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումները «արաբական երկրի տարածքում իսրայելական անընդհատ ագրեսիայի շարունակությունն են»:

«Հարձակումներն․․․ իրականացվել են այն պայմաններում, երբ վերջին տարիներին ամերիկյան զորքերը անօրինական կերպով ներթափանցել են սիրիական տարածք՝ գրավելով երկրի շրջանները եւ թալանելով նրա բնական պաշարները, այդ թվում՝ նավթը», - Խաթիբզադեին մեջբերում է Press TV-ն:

«Սիրիական տարածքում ԱՄՆ-ի անօրինական բազաները նաեւ վարժեցնում են ահաբեկչական ուժերին եւ օգտագործում նրանց որպես գործիք»,- հավելել է նա:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները՝ դրանք անվանելով Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության բացահայտ խախտում, ինչը կարող է սրել ռազմական բախումները եւ էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները նախագահ Ջո Բայդենի հրահանգով ավիահարվածներ է հասցնում Սիրիայում իրանամետ խմբավորումների թիրախներին:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ էր հղել Իրանին՝ իր հանձնարարությամբ Սիրիայում իրանամետ խմբերի օբյեկտներին հասցված ավիահարվածների կապակցությամբ:

«Դուք չեք կարող անպատիժ գործել: Զգույշ եղեք», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա՝ դիմելով Իրանին: