Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը եւ հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից։ Սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն դրա անցկացումն արձանագրելու նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Նախեւառաջ, խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման, հստակ օրակարգի ձեւավորման մասին է, եւ, ինչը պակաս կարեւոր չէ, այն պետք է ընթանա մյուս կողմի՝ պայմանավորվածությունները պահպանելու կարողության առկայության դեպքում:

Ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց փոխանակումը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս ուղղությամբ ազգային մակարդակով համակարգված միջգերատեսչական աշխատանք է տարվում: Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները։ Ի հեճուկս դրան՝ Ադրբեջանն արհեստական եւ անհիմն խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը եւ հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ավելին՝ պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է հարուցում։ 

Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլեւ եռակողմ հայտարարության դրույթների ուղղակի խախտում է՝ դրանով իսկ հարցականի տակ դնելով ընդհանրապես վերջինիս դրույթների իրականացումը։

Բոլոր ռազմագերիների շուտափույթ եւ անվտանգ վերադարձն առաջնահերթություն է։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության՝ որպես պատասխանատու եւ անկողմնակալ միջնորդի ջանքերը ռազմագերիներին վերադարձնելու մասին պայմանավորվածության լիարժեք կատարման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Այս մարդասիրական հարցի լուծման հետագա ձգձգումը, իհարկե, ոչ միայն խորացնում է հայ հասարակության ցավը, այլեւ միեւնույն ժամանակ ուղղակի մարտահրավեր է ինչպես Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման երաշխավորի, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը: