Արցախի դեմ ռազմական գործողություններում ներգրավելու նպատակով Ադրբեջանը եւ Թուրքիան օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ են տեղափոխել հակամարտության գոտի. այդ փաստը հաստատել են մեր միջազգային գործընկերները եւ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ամենաբարձր մակարդակով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Արցախի դեմ ռազմական գործողություններում ներգրավելու նպատակով Ադրբեջանը եւ Թուրքիան օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ են տեղափոխել հակամարտության գոտի. այդ փաստը հաստատել են մեր միջազգային գործընկերները եւ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ամենաբարձր մակարդակով:
Արցախի տարածքում ձերբակալվել են օտարերկրյա զինյալներ, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ: Քրեական գործերը փոխանցվել են համապատասխան դատական ատյաններ:
Ադրբեջանի կողմից օտարերկրյա զինյալների առկայության փաստը հաստատված է նաեւ մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: ՄԱԿ վարձկանների օգտագործման աշխատանքային խմբի 2020 թվականի նոյեմբերի 11-ի հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում տեղակայված վարձկաններն առնչություն ունեն զինված ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք առնչություն ունեն սիրիական հակամարտության ընթացքում պատերազմական հանցագործությունների իրականացման եւ մարդու իրավունքների լուրջ խախտումների հետ: Հայտարարությունը միանշանակ արտացոլում է Թուրքիայի դերը օտարերկրյա վարձկանների տեղափոխման գործում»,- նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:
«Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ եւ ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից: Ադրբեջանի ղեկավարության որոշումը՝ երկիրը վերածել թուրքական սատելիտի եւ ահաբեկչության օջախի, լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային անվտանգության համար»,- հավելել է նա:




























