Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն իսկ նախանշում է մշտական եւ շարունակական աշխատանք՝ դրանց հետագա ամրապնդման եւ ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու տեսանկյունից՝ պայմանավորված ինչպես ժամանակով, այնպես էլ տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումներով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն իսկ նախանշում է մշտական եւ շարունակական աշխատանք՝ դրանց հետագա ամրապնդման եւ ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու տեսանկյունից՝ պայմանավորված ինչպես ժամանակով, այնպես էլ տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումներով: Մենք մտադիր ենք համակարգված կերպով իրականացնել այս աշխատանքը՝ ելնելով մեր երկրների ժողովուրդների առանցքային շահերի ապահովման անհրաժեշտությունից:  Բնականաբար, այս աշխատանքի ամուր հիմքը եղել եւ շարունակելու է մնալ մեր ժողովուրդների բարեկամությունը: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում համապատասխան զարգացումները չեն վերաբերելու փոխգործակցության առանձին վերցրած ոլորտի. դրանք ազդեցություն են ունենալու նաեւ այլ ոլորտների վրա, որոնք ամբողջությամբ ներառված են մեր դաշնակցային համագործակցության օրակարգում:

Մենք մտադիր ենք այս աշխատանքն իրականացնել համագործակցության միջպետական մեխանիզմների շրջանակում: Խոսքը տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, միջխորհրդարանական երկխոսության մասին է, աշխատանք է տարվելու նաեւ մեծ հանձնաժողովի եւ համապատասխան ոլորտային կոմիտեների շրջանակում, այն նաեւ աշխատանք է ռազմատեխնիկական հանձնաժողովի շրջանակում եւ այլ ձեւաչափերով: Բնականաբար, այս ամենն իրականացվելու է մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ համակարգմամբ: 

Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունների մակարդակով առկա ինտենսիվ երկխոսության կարեւորությունը, որը մտադիր ենք առավել զարգացնել»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: