Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին, Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Երկրի ղեկավարին ուղեկցել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և պաշտոնատար մի խումբ այլ անձինք:
«33 տարի հետո էլ ոչինչ չի փոխվել. Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը, շարունակում է՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլորն նորմերն ու սկզբունքները, ոտնահարելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Տասնամյակներ առաջ ժողովրդավարության ուղին բռնած Արցախն այսօր՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, լի է անսասան վճռականությամբ ու հաստատակամությամբ՝ պաշտպանելու իր քաղաքացիների շահերը, հայրենի հողի վրա ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:
Մենք տերն ենք մեր պատմության, որը լի է վայրիվերումներով, կորուստներով ու ձեռքբերումներով, տերն ենք մեր հիշողության, հզոր ու լուսավոր ապագայի»,- գրել է նախագահն իր ֆեյսբուքյան էջում։





























