Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «Կան» հեռուստառադիոընկերության եթերում ասել է, որ Օմանի ծոցում իսրայելական նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւում կանգնած է Իրանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անցյալ ուրբաթ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ հինգշաբթի Օմանի ծոցում իսրայելական նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, ոչ ոք չէր տուժել: Թե կոնկրետ ինչն էր պայթյունի պատճառը, չէր հաղորդվում:
«Նախ, դա իսկապես Իրանի արածն է, պարզ է»,- ասել է Նեթանյահուն:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ Իրանն «Իսրայելի ամենամեծ թշնամին է» եւ կրկին շեշտել է միջուկային զենք չստանալու կարեւորությունը` «գործարքով կամ առանց գործարքի, ես դա ասել եմ նաեւ Բայդենին (ԱՄՆ նախագահ)»:
Կիրակի սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում իսրայելական հարձակումը Դամասկոսի արվարձանում: Իսրայելական բանակում «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էին, որ չեն մեկնաբանում արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդումները: Իրենց հերթին, իսրայելական լրատվամիջոցները, մասնավորապես` Gaalei IDF ռադիոկայանը եւ Jerusalem Post-ը, ենթադրություն են հայտնել, որ Սիրիայում հարձակումը կարող է կապված լինել Օմանի ծոցում իսրայելական նավի հետ կապված իրավիճակի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը կարծում է, որ հինգշաբթի Օմանի ծոցում իսրայելական նավի վրա հարձակման հետեւում կարող է կանգնած լինել Իրանը:





























