«Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունները նույնիսկ քննարկման ենթակա չեն: Կա Սահմանադրություն, եւ մենք` որպես պատգամավորներ, պետք է պատասխանատու լինենք դրա իրականացման համար: Այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով Էդմոն Մարուքյանի առաջարկին, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հետ վերցնի Նախագահին ուղարկված առաջարկը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հեռացման մասին:
Մեկնաբանելով Մարուքյանի առաջարկն այն մասին, որ «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է հուշագիր ստորագրել, ըստ որի իրենք չեն առաջադրի վարչապետի իրենց թեկնածուին խորհրդարանում, որպեսզի հետագայում Ազգային ժողովը լուծարվի` Մակունցը հավաստիացրեց, որ իրենք պատրաստ են գործնական քայլեր ձեռնարկել «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի առաջարկի կապակցությամբ:











