Իրանը ողջ ուժով պաշտպանել է Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին: Այս մասին հայտարարել է Իրանի Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, հաղորդում է Mehr-ը: 

«Հազարավոր իրանցիներ զոհվել են Ադրբեջանը ցարերի ճիրանից ազատելու համար, եւ դրա ապացույցը կարելի է գտնել Բաքվի գերեզմանատանը: Ադրբեջանը պարզապես մեր հարեւանը չէ: Ադրբեջանի ժողովուրդը եւ մենք ընդհանուր մշակույթ եւ կրոն ունենք:

Ցավոք, Հայաստանի կառավարությունը Ղարաբաղի հայերին պաշտպանելու պատրվակով հարձակում գործեց այդ տարածաշրջանի վրա, սակայն կառավարությունները, որոնք Հայաստանին հարձակման հրահրեցին, արդյունքում Հայաստանին հանգիստ թողեցին»,-ասել է Ռեզային:

Նա հայտնել է, որ «1990 թվականին պատերազմում Իրանը 43 մլն դոլար է կորցրել ղարաբաղյան միգրանտների եւ ադրբեջանցի եղբայրների վրա»:

Ափսոսանք հայտնելով, որ Հեյդար Ալիեւի օրոք Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները փոքր-ինչ վատթարացել են, նա նշել է, որ «գլխավոր խնդիրն է ստեղծել Լեռնային Ղարաբաղի հատուկ ինքնավար մարզ, որը պատկանում է Ադրբեջանին, իսկ Հայաստանը պետք է հանձնի մնացած տարածքները»: