Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր` հունիսի 13-ին ընդունել է ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը եւ վերջինիս խնդրանքով ներկայացրել 2008-ի մարտի 1-ի գործով նախաքննության ընթացքի` մասնավորապես 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանը եւ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վ. Հարությունյանը:
Աղվան Հովսեփյանը շեշտել է, որ այս պահին պատրաստ են ընդունելու միջազգային փորձագետի, մասնագետի, ով կարող է օգնել, օժանդակել նախաքննական մարմին: Նրա ներկայացմամբ, այդ գործով ուսումնասիրվել են բազում տեսաձայնագրություններ, հստակեցվել մահացած անձանց դեպքերի վայրերը, փորձաքննության են ուղարկվել բոլոր հատուկ միջոցները, զենքերը, որոնք այդ օրը եղել են իրավապահ մարմինների աշխատակիցների, զինծառայողների մոտ, առգրավվել են զորամասերի մատյանները, որտեղ գրանցվել է, թե ովքեր են զենք ստացել, ով քանի փամփուշտ է ստացել, ով քանիսն է վերադարձրել:
Թ. Մելիայը հետաքրքրվել է նաեւ, թե մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո ինչ արդյունքներ կան, նախաքննական մարմնին հաջողվել է արդյոք անհատականացնել մեղավոր անձանց շրջանակը:
Քննչական խմբի ղեկավար Վ Հարությունյանը տեդեկացրել է, որ քննչական գործողությունները երբեւէ չեն կասեցվել, նախաքննական մարմինը մշտապես աշխատանքներ է տարել կատարված հանցագործությունների բոլոր դեպքերի, դրվագների եւ հատկապես մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ:
«ՀՀ Նախագահի հանձնարարականից հետո լրացուցիչ համալրվել է քննչական խումբը, կատարվել են մի շարք քննչական գործողություններ, հարցաքննվել են ավելի քան 70 վկաներ, տրվել են մեկ տասնյակից ավել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ, մեկ անգամ եւս վերանայվել են հնարավոր բոլոր վարկածները, ապացուցողական բազան, ակնկալվում է հարցաքննել մոտ 500 անձի, ովքեր եղել են դեպքի վայրում»,- ասել է նա:
ՀՀ գլխավոր դատախազը նշել, որ կատարված աշխատանքով հանդերձ դեռ չի հաջողվել ամբողջությամբ բացահայտել 10 անձանց մահվան հանգամանքները: «Այդ առումով օբյեկտիվ են հասարակական, քաղաքական շրջանակների, տուժողների իրավահաջորդների կողմից հնչող հարցադրումները, սակայն օբյեկտիվ են նաեւ այն խոչընդոտները, այն հանգամանքները, որոնք դժվարություններ են ստեղծում նախաքննական մարմնին. իրադարձությունները տեղի են ունեցել գիշերով, բազմահազար անձանց մասնակցությամբ, մի քանի հազար քմ տարածք ընդգրկող բնակելի հատվածում: Նախաքննական մարմինը իր լիազորությունները, իր գործառույթները իրականացնում է քրեաիրավական հարթությունում, մեղավոր անձանց ի հայտ բերելու, նրանց պատասխանատվություն սահմանող մեղադրանքը անհատականացնելու համար անհրաժեշտ է բավարար ապացուցողական բազա, որպեսզի դատարանում հնարավոր լինի ապացուցել այն»,- ասել է նա:




























