Հաքերային Lulz Security խմբավորումը հայտարարել է ԱՄՆ Սենատի ներքին ցանցը կոտրելու մասին: Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է հունիսի 13-ին, խմբավորման կայքում:

Հաքերները հրապարակել են ֆայլերի մի երկար ցուցակ, որոնք, ենթադրաբար, գողացվել են Սենատի կայքից` միաժամանակ նշելով, որ սա ընդամենը տվյալների փոքր մասն է, որն հաջողվել է ունենալ, գրում է Lenta.ru-ն:

«Մեզ դուր չի գալիս ամերիկյան կառավարությունը: Նրանց նավերը թույլ են, կատակները զվարճալի չեն, կայքերն էլ լավ պաշտպանված չեն», - իրենց հաղորդագրությունում հայտարարել են հաքերները:

Սենատի ներկայացուցիչը հաստատել է, որ հանգստյան օրերին հաքերներն իսկապես  կարողացել են թափանցել Սենատի ներքին ցանց, եւ ավելացրել, որ կոնգրեսի անվտանգության ծառայությունը հետաքննում է միջադեպը:

Կիբերանվտանգության ծառայությունում հայտնել են, որ հաքերների հասցրած վնասը նվազագույն է, եւ ներքին ցանացում պահվող տվյալները բավականաչափ պաշտպանված են: