Microsoft-ը ներկայացրել է իր Exchange Server ծրագրային ապահովման թարմացումը հաղորդումների ֆոնին, որ Միացյալ Նահանգներում մի շարք մասնավոր ընկերություններ կարող են հարձակման ենթարկվել հաքերների կողմից, որոնք ենթադրաբար կապ ունեն Չինաստանի հետ: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երեքշաբթի օրը կորպորացիայի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Տարածված տվյալների համաձայն` խոսքը խմբավորման մասին է, որը, Microsoft-ի տվյալներով, կրում է Hafnium անվանումը: Ընկերության փորձագետների կարծիքով` խմբավորումը, որի կազմում «փորձառու եւ որակյալ» հաքերներ են, գործում է Չինաստանի տարածքից: Դրա գործունեությունը ենթադրաբար ուղղված է տարբեր արդյունաբերություններում գործող ամերիկյան ընկերություններին, իրավաբանական ընկերություններին, համալսարաններին, հասարակական կազմակերպություններին, վերլուծական կենտրոններին եւ մի շարք այլ կազմակերպություններին:
Ինչպես նշված է փաստաթղթում, այս խմբի անդամները վերջերս մի քանի գրոհ են կատարել նախկինում անհայտ մեխանիզմի կիրառմամբ, որի ընթացքում գողացվել են գաղտնաբառերը կամ խոցելիություններ են հայտնաբերվել Microsoft-ի Exchange Server հաղորդագրությունների եւ կորպորատիվ հաղորդակցման ծրագրի աշխատանքում: Ըստ Microsoft-ի` հարձակումների արդյունքում ընկերության մասնավոր հաճախորդները տուժել չեն կարող, խոսքը միայն այս ծրագրային ապահովումն օգտագործող ձեռնարկությունների մասին է: Ընկերությունում ընդգծել են, որ հարձակման մասին տեղեկացրել են «ԱՄՆ կառավարության համապատասխան գերատեսչություններին»:
Միջադեպի ֆոնին կորպորացիան մի շարք թարմացումներ է թողարկել, որոնք նախատեսված են հետագայում Exchange Server-ի միջոցով նմանատիպ հարձակումների կանխման համար: «Մենք խորհուրդ ենք տալիս Exchange Server-ի օգտագործողներին անհապաղ տեղադրել այս թարմացումները»,- ընդգծվում է փաստաթղթում: Միեւնույն ժամանակ, Microsoft-ում հավաստիացրել են, որ գրոհները Hafnium-ի կողմից «ոչ մի կերպ կապված չեն» SolarWinds ծրագրային ապահովման միջոցով կիբերհարձակման հետ, որն ազդել է մի շարք դաշնային գերատեսչությունների վրա:




























