Փետրվարի 26-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի շուկայի մոտ խնդիրներ կան, եւ խնդրել էր ոստիկան ուղարկել: Ահազանգով մեկնած ոստիկանները պարզել են, որ Շիրվանզադեի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է ծագել Լեռնանցք գյուղի բնակիչ երկու եղբայրների եւ 26-ամյա մի երիտասարդի միջեւ, որի ընթացքում երիտասարդը ձեռքերով, ոտքերով եւ կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Երիտասարդը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին:

Ժամը 09.30-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղոդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով Շիրվանզադեի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկից բուժօգնության են տեղափոխվել Լեռնանցք գյուղի բնակիչ եղբայրները:

Հանցագործության գործիք դանակը վերցվել է:

26-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին եւ ձերբակալվել:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: