ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ, որ ՀՀ իշխանությունը լուրջ հասարակական աջակցություն է վայելում: Այս մասին ուսական լրատվամիջոցների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:
Խոսելով իշխանության հանրահավաքին հավաքված մարդկանց թվի մասին՝ Քոչարյանը նշեց, որ իշանությունը 3 օր հավաքել է մարդկանց՝ օգտագործելով ողջ վարչական ռեսուրսը: Եվ շատ դժվարությամբ հավաքվել է 20 հազար մարդ, ինչը չի խոսում հզոր աջակցության մասին:
«Եթե փակագծերից դուրս թողնենք վարչական ռեսուրսի օգնությամբ հավաքվածներին եւ դիտարկենք միայն նրանց, ովքեր իսկապես աջակցում են իշխանությանը, Բաղրամյան պողոտայում գրեթե նույն թվով մարդիկ են եղել: Խնդիրն այն է, որ շատերի մոտ անվստահություն եւ ապատիա է բոլորի նկատմամբ»,-նշեց նա:
Քոչարյանը կարծում է, որ վարչապետն այսօր ունի ամենաբարձր հակառեյտինգը, եւ ոչ մի քաղաքական կուսակցություն նման հակառեյտինգ չունի:
«Մենք հետխորհրդային երկրի համար եզակի իրավիճակ ունենք. կա պատասխանատու ընդդիմություն եւ անպատասխանատու իշխանություն»,-հավելեց նա:
Քոչարյանը առաջարկում է հաշվի առնել ոչ թե այն, թե քանի մարդ է աջակցում ընդդիմությանը, այլ այն, թե քանիսն է աջակցում իշխանությանը: Ընդ որում, նա կարծիք հայտնեց, որ դաշտի համախմբման համար թրիգեր կարող է լինել ցանկացած միջադեպ:





























