Փորձագետները Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման ծախսը մոտ 3 միլիարդ դոլար են գնահատում: Այս մասին ՌԴ ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսին ասաց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է «Sputnik-Արմենիա»-ն:
«Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանի վրա աճում է: Մենք` որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, պարտվեցինք, Ադրբեջանը` որպես Թուրքիայի դաշնակից, հաղթեց: Կարծում եմ` մենք պետք է Ռուսաստանի հետ ինտեգրման այնպիսի բանաձեւ գտնենք, որը թույլ կտա արագ վերականգնել մեր զինված ուժերը»,- ասաց Քոչարյանը:
Այժմ իշխանությունները, թաքնվելով ռազմական գաղտնիքի հետեւում, չեն խոսում կորուստների մասշտաբի մասին` ոչ նյութական, ոչ մարդկային, նշեց նա: Սակայն վերականգնման համար, ըստ մասնագետների, մոտ 3 միլիարդ դոլար է անհրաժեշտ: «Անհրաժեշտ է վերականգնել Զինված ուժերը` որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ»,- ասաց Քոչարյանը:
Նախկին նախագահը հավելեց, որ այդ նպատակին հասնելու համար առաջին հերթին արդյունավետ կառավարում է անհրաժեշտ: Ըստ նրա` առջեւում շատ աշխատանք կա, ինչի համար նաեւ հանրային համախմբում եւ մտավոր վերնախավի առկայություն է անհրաժեշտ, որն ընդունակ է կանխատեսել սպառնալիքները եւ լուծումներ գտնել:





























