Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մասին առանձին բանակցություններ չեն եղել: Այս մասին ուսական լրատվամիջոցների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն մասնակցում է բողոքի ակցիաներին, ընդդիմադիր շարժման մի մասն է, որին ինքն էլ աջակցում է: Այլ ձեւաչափով համագործակցության քննարկումներ չեն եղել:
«Բոլոր կուսակցությունների հետ այդպիսի քննարկումներից զերծ եմ մնում, որպեսզի չընկալվի որպես զուգահեռ գործընթաց»,-նշեց Քոչարյանը:
Պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքներին, թե նա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեղավորներից մեկն է՝ Քոչարյանը ձեռնպահ մնաց գնահատականներից։
«Մենք միշտ փորձում ենք մեղավորներ փնտրել։ Ինձ համար 2018-ի իրադարձություններն անհասկանալի են։ Չէի կարծում, որ մեր ժողովրդին հնարավոր է այդպես մանիպուլացնել։ Որ տեխնոլոգիաների կիրառումը կարող է այդքան արդյունավետ ազդել հայ հասարակության վրա»,-ասաց Քոչարյանը։
Մյուս կողմից, նրա խոսքով, ինքը քննադատել է ՀՀԿ-ն այն ժամանակ, երբ այն իշխող կուսակցությունն էր:
«Կային խնդիրներ, որոնք հանգեցրին այդ գործընթացներին։ Բայց այստեղ ակնհայտ էր նաեւ տեխնոլոգիաների կիրառումը, աշխարհաքաղաքական բաղկացուցչի առկայությունը, արտաքին, ոչ հայկական ուժերի ակտիվ միջամտությունը»,-նշեց Քոչարյանը:





























