«Եվրաեռյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, որոշել են զերծ մնալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդում բանաձեւի ընդունումից, որն Իրանին ուղղված քննադատություն էր պարունակում: Այս մասին երեկ՝ մարտի 4-ին, հայտնել էին Վիեննայում դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է DW-ն: 

Նշվում է, որ բանաձեւը հետ է կանչվել, որ Իրանին հնարավորություն ընձեռվի վերադառնալ բանակցությունների սեղան:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ավելի վաղ հայտնել էր միջուկային գործարքի եվրոպացի մասնակիցների եռյակի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի մտադրության մասին, ԱԷՄԳ-ի ԿԽ ներկայացնել բանաձեւ՝ Իրանից պահանջելով իր ատոմային օբյեկտներում ամբողջ ծավալով վերականգնել տեսչական ստուգումները:

Գերմանիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ բանաձեւը հետ կանչելու որոշումը կայացվել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի դիվանագիտական ​​ջանքերին օգնելու համար: ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հայտարարել էր բանակցություններին Թեհրանի պատրաստակամության մասին, որոնք պետք է սկսվեն ապրիլին: Առաջին տեխնիկական հանդիպումը տեղի կունենա Իրանում ամսվա սկզբին: Եվրոպացիների կողմից քննադատական բանաձևի հետկանչը կրկին ճանապարհ է բացում դիվանագիտության համար, հինգշաբթի հայտարարել էր Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

2020 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն՝ փետրվարի 23-ից Իրանում ուժի մեջ է մտել ԱԷՄԳ-ի կողմից լրացուցիչ արձանագրության շրջանակում միջուկային օբյեկտների տեսչական ստուգումների սահմանափակում: Թեհրանից հայտարարել էին, որ ԱԷՄԳ-ը զրկվում է միջուկային օբյեկտների տեսախցիկներին հասանելիությունից, բայց այդ տվյալները կպահպանվեն երեք ամիս: Եթե ​​Վաշինգտոնը չվերադառնա միջուկային գործարքին նախքան նշված ժամանակահատվածի ավարտը, տեսախցիկների բոլոր տեղեկությունները կջնջվեն: