Ադրբեջանում հայերի դեմ հանցագործությունները խրախուսվում են պետական մակարդակով: Այս մասին մարտի 5-ին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Իրավապաշտպանը մի շարք աղմկահարույց սպանություններ հիշեցրեց` Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Հայկ Մակուչյանի սպանության փորձը, Մանվել Սարիբեկյանի սպանությունը: Հանցագործությունների էթնիկական հիմքը հաստատել է նաեւ ՄԻԵԴ-ը:
«Պատերազմի ընթացքում ներկայացվեց Հայաստանի եւ Արցախի օմբուդսմենների համատեղ զեկույցը: Զեկույցում մեկնաբանություններ չկան` միայն փաստեր հայերի դեմ հանցագործությունների կատարման եւ հանցագործություններ կատարելու խրախուսման մասին: Սոցցանցերի իրական օգտատերերը, մշակույթի եւ սպորտի գործիչները կոչ են անում հաշվեհարդար տեսնել հայերի դեմ: Ատելությունը գեներացվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, խրախուսվում է մշակույթի եւ սպորտի գործիչների կողմից: Ցինիզմի աստիճանն այնպիսին է, որ զինվորականը կտրում է հայ բանտարկյալի ականջները` առանց երեսը թաքցնելու: Չի թաքցնում, քանի որ գիտի, որ ոչ միայն չի պատժվելու, այլեւ պարգեւատրվելու է պետական բարձր պարգեւներով: Նման պայմաններում կարելի՞ է ենք արդյոք խոսել խաղաղ գոյակցության մասին: Այդ ատելության վրա մի ամբողջ սերունդ է դաստիարակվել, որը հաղթահարելու համար լուրջ աշխատանք է անհրաժեշտ, բայց նախ հայ բնակչության անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ: Այո, բարիդրացիական հարաբերություններ պետք են, այո, թշնամանքը վատ է: Սակայն այսպիսի պայմաններում դժվար է խաղաղ համակեցություն պատկերացնել, առավել եւս, որ այդ ամենը շարունակվում է»,- ասաց Արման Թաթոյանը:





























