Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հանդես կգա լուրջ քաղաքական նպատակներով եւ երիտասարդ բարձրակարգ պրոֆեսիոնալների ներկայացուցչական թիմով: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՄԻԱԿ-ի քարտուղար Գերասիմ Բարսեղյանը` մեկնաբանելով հայկական թերթերից մեկի հրապարակումը, թե ՄԻԱԿ-ի «գլամուրային երիտասարդների» ներկայացուցիչները մտադիր են հաջորդ գումարման խորհրդարանում զբաղեցնել գործարար պատգամավորների տեղերը:
Գերասիմ Բարսեղյանը հայտնեց, որ ՄԻԱԿ-ը մտադիր է ինքնուրույն, սեփական ուժերով եւ սեփական թիմով մասնակցել խորհրդարանական ընտրություններին` չբացառելով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում կուսակցությունը կարող է եւ փոխել ռազմավարությունը:
ՄԻԱԿ-ի քարտուղարը համաձայն չէ կարծիքի հետ, թե հասարակությունը ծանոթ չէ կուսակցության գործունեության եւ ակտիվիստների հետ:
«Մինչեւ 2012թ. խորհրդարանական ընտրությունները դեռ ժամանակ կա, եւ կուսացկությունը դեռ կակտիվացնի իր զանգվածային գործունեությունը»,- խոստացավ Բարսեղյանը` ավելացնելով, որ առաջիկա ընտրություններում ՄԻԱԿ-ը կներկայացնի երկրորդ սերնդի բարեփոխումների լուրջ պլատֆորմ:
Անդրադառնալով թերթերից մեկի հրապարակմանը, թե ՄԻԱԿ-ի «գլամուրային երիտասարդությունը» հավակնում է զբաղեցնել գործարար պատգամավորների տեղերը, Բարսեղյանը նկատեց, որ «գլամուրային երիտասարդություն» ձեւակերպումը չի արտացոլում ՄԻԱԿ-ի էությունը, իսկ կուսակցության անդամները չեն հավակնում խորհրդարանում որեւէ մեկի տեղին, լինի գործարար, թե բիզնես չունեցող, քանի որ օրենսդիր մարմնում որեւէ մեկի տեղը ամրագրված չէ եւ ժողովուրդն է որոշում մանդատների ճակատագիրը:
«Գործարար պատգամավորների դեմ մենք ոչինչ չունենք, ավելին` գնահատում ենք նրանց ներդրումը երկրի զարգացման մեջ»,- հայտարարեց Բարսեղյանը: Նա նշեց, որ ՄԻԱԿ-ի թիմում ընդգրկված են բարձր որակավորում ունեցող երիտասարդ պրոֆեսիոնալներ, որոնք հայրենասեր են, նաեւ ներկայացուցչական արտաքին ունեն:
Իսկ ՄԻԱԿ-ի անդամների հասցեին արվող «գլամուրային երիտասարդության ներկայացուցիչներ», «անհայրենիք» ձեւակերպումները սեւ PR-ի դրսեւորումներ են այն ուժերի կողմից, որոնց անհանգստացնում է այս կուսակցության գործունեությունն ու հեռանկարները:
«Մեր թիմում ընդգրկված են բարձրագույն կրթությամբ երիտասարդներ, որոնք ունեն լավ մենեջերական որակներ եւ հայրենասիրության բարձր զգացում: Կարծում եմ, որ այդպիսի պորֆեսիոնալների ներկայությունը խորհրդարանում միայն կբարձրացներ Ազգային ժողվի դերն ու իմիջը հասարակությունում»,- նշեց Բարսեղյանը` մեկ անգամ եւս վստահեցնելով, որ ՄԻԱԿ-ի անդամների արժեքային համակարգը ոչ մի ընդհանրություն չունի այսպես կոչված «գլամուրային երիտասարդության» եւ առավել եւս «մականունավորների» հետ:
«Այո, ՄԻԱԿ-ը ներկայացնում է երիտասարդ պրոֆեսիոնալների թիմ, բայց եթե պետք է ընտրություն կատարել «գլամուրայինների» եւ «մականունավորների» միջեւ ապա մենք նախապատվությունը կտայինք առաջիններին»,- ամփոփեց Բարսեղյանը:




























