Հայաստանն ակնկալում է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայից 2011թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար  ստանալ շուրջ 29 մլն ԱՄՆ դոլար, որից 28,2 միլիոնն ուղղվել է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին: Մնացած մասը մոնիթորինգի եւ գնահատման ու ծրագրի կառավարման եւ վերահսկողության ծախսերն են:

Այս հարցերն են քննարկվել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստում, որը վարել է վարչապետ  Տիգրան Սարգսյանը:

Ընթացիկ եռամսյակի ավարտի դրությամբ ծրագրի փաստացի եւ կանխատեսվող (հունիս ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 138,200,941 (հարյուր երեսունութ միլիոն երկու հարյուր հազար ինը հարյուր քառասունմեկ) ԱՄՆ դոլար: Քսաներորդ հատկացման հայտը ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախավերջին հայտն է: Վերջին` քսանմեկերորդ հայտը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային կներկայացվի  սեպտեմբեր ամսին եւ կներառի ծրագրի փակման գործընթացին առնչվող ծախսերը:

Վերոհիշյալ ծախսերի կատարումից հետո ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընդհանուր արժեքը   կկազմի 176,491,028 ԱՄՆ դոլար:

Կառավարման խորհուրդը հաստատել է նաեւ ծրագրի փակման պլանի հավելվածներում կատարված փոփոխությունները: