Հայաստանի կառավարությունը 2009 թ. հունիսին որոշում ընդունեց Ռուսաստանից ստացված 500 մլն դոլար վարկի մի մասը (մոտ 160 մլն դոլար)` տնտեսությունում տեղաբաշխել ՀՀ կենտրոնական բանկի միջոցով: Այդ նպատակով հատկացվեց 60.5 մլրդ դրամ, 2010 թ. լրացուցիչ եւս 6 մլրդ դրամ:
ԿԲ-ն միջոցների տեղաբաշխումն իրականացնում է Գերմանահայկական հիմնադրամի միջոցով:
Հիմնադրամը տնտեսության վարկավորումն իրականացնում է հետեւյալ մեխանիզմով` վերաֆինանսավորում է առեւտրային բանկերի կողմից տրված վարկերը: Առեւտրային բանկերը ռեսուրսը ստանում են ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով, որ ներկայում կազմում է 8.25 տոկոս: Վարկերը տնտեսվարողներին տրամադրվում են 10-15 տոկոսով, առեւտրային բանկն ինքնուրույն է որոշում, թե ինչ տոկոսադրույքով կամ պայմանով պետք է տրամադրի վարկը:
Ըստ ԿԲ-ի կողմից հրապարակված տեղեկատվության` ՓՄՁ վարկավորման նպատակով ծախսվել է 36.9 մլրդ դրամ, հիփոթեքային շուկային տրամադրվել է 5.4 մլրդ դրամ, արտահանման խթանմանը` 16.5 մլրդ դրամ, մթերող-վերամշակող կազմակերպություններին` 16.8 մլրդ դրամ եւ այլն:




























