Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում, Տ. Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում ներկա կգտնվի Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած երկու բարեգործական ծրագրերի` «Երեւան` իմ սեր» (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում) եւ Շոտլանդիայի հարավ-արեւմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման նախագծերին նվիրված ընդունելությանը եւ համերգին:
Նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության ղեկավարի հանդիպումը տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարների հետ:
Վարչապետ Սարգսյանը կայցելի բրիտանական BBC գործակալության կենտրոնակայան եւ հարցազրույց կտա գործակալությանը:
ՀՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:




























