Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 14-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ եւ ներկայացրել Կոնգրեսի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության վերաբերյալ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանը շեշտել է, որ դրա օրակարգի հիմնական հարցը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են:
Նա անդրադարձել է նաեւ երկրում առկա համատարած կոռուպցիային, դատարանների անկախության բացակայությանն ու ազատ խոսքի, մասնավորապես էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա սահմանափակումներին, դրանց լուծումն ու հաղթահարումը դիտելով Հայաստանի ժողովրդավարացման որոշիչ նախապայման:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին եւ Կազանում սպասվող հնարավոր զարգացումներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեն, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:




























