Այսօր` հունիսի 14-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում ոստիկանության աշխատակցի կողմից վնասազերծված 30-ամյա Արման Ենգիբարյանը:
Վերջինս կասկածվում էր Երեւան քաղաքի մի քանի թաղամասերում կատարված ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Ընդ որում, ամեն անգամ ներկայանում էր որպես ջրմուղի աշխատակից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հունիսի հունիսի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում, անհայտ անձը ներկայանալով ջրմուղի աշխատակից՝ փորձել է մուտք գործել Երեւանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով նրան՝ անմիջապես զանգել է ոստիկանություն:
Ոստիկանության ծառայողները շտապ մեկնել են ահազանգի հետքերով եւ հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո վնասազերծել են հետապնդվողին` կրակելով նրա վրա: Վերջինս վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվել էր, որ հետապնդվողը վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող, 30-ամյա Արման Ենգիբարյանն է:




















Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























