Twitter սոցիալական ցանցի հիմնադիր Ջեք Դորսիի առաջին գրառման արժեքը, որը վաճառքի է հանվել Valuables առցանց աճուրդում, երկուշաբթի երեկոյան հասել է 2.5 միլիոն դոլարի, հայտնում է աճուրդի կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Առաջին թվիթը գնելու իրավունքի հիմնական պայքարը ծավալվել է Bridge Oracle-ի գլխավոր գործադիր տնօրեն Հաքան Էսթավիի եւ Tron կրիպտոարժույթի հիմնադիր, չինացի ձեռնարկատեր Ջասթին Սանի միջեւ: Վերջինս նախորդ շաբաթ արժեքը հասցրել էր 2 միլիոնի, սակայն այժմ Էսթավին պատասխանել է եւ բարձրացրել այն մինչեւ 500.000 դոլար:

Աճուրդի ավարտին Դորսին` որպես թվիթի օրիգինալ ստեղծող, կստանա ընդհանուր գումարի 95 տոկոսը, 5 տոկոսը կգնա առցանց աճուրդին: Վերավաճառքի դեպքում վաճառողը ստանում է 87.5 տոկոստ, թվիթի ստեղծողը` 10 տոկոսը, իսկ 2.5 տոկոսը մնում է Valuables-ին: Գործարքները կատարվում են կրիպտոարժույթի միջոցով: Դորսին Twitter-ում իր առաջին գրառումն արել էր 2006 թվականի մարտի 21-ին: «Պարզապես կարգավորում եմ իմ Twitter-ը»,- գրել էր նա այն ժամանակ: Անցյալ ուրբաթ միկրոբլոգերի ցանցի հիմնադիրը բոլորին հնարավորություն ընձեռեց պայքարել այս ռեկորդի օրինական կրողը դառնալու իրավունքի համար, որը վաճառքի է հանվել վիրտուալ ակտիվի` ոչ փոխանակելի տոկենի (NFT) տեսքով:

NFT տոկեններն օգտագործվում են այս կամ այն վիրտուալ սեփականության իրավունքի ձեռք բերման կամ փոխանցման համար: Անցյալ չորեքշաբթի Injective Protocol բլոկչեյն ընկերությունը վիրտուալ ակտիվի վերածեց բրիտանական հայտնի փողոցային նկարիչ Բենքսիի նկարը` ոչնչացնելով այն Բրուքլինի փողոցներից մեկի վրա: Խոսքը Բենքսիի Morons (White) սեւ ու սպիտակ ստեղծագործության մասին է, որը հունվարին 95.000 դոլարով ձեռք էր բերվել Injective Protocol-ի կողմից Նյու Յորքի պատկերասրահներից մեկում: